Արվեստի կարևորագույն ուղղություններից մեկը` երաժշտությունը, Հայաստանում ճգնաժամային իրավիճակում է և չի վերահսկվում պետության կողմից: Այդ են վկայում էկրաններից, մինի և սուպեր-մարկետներից, սալոններից, սրճարան-բարերից այսօր ամենուրեք հնչող, մուղամներով համեմված, ժողովրդական, ջազային, էստրադային երգերն ու դրանց անհեթեթ տեքստերը:
Վտանգավորն այն է, որ մեր առօրյայի մաս կազմող պղտորված-աղավաղված այդ երգերն ազդում են մատաղ սերնդի վրա, քանի որ առաջին հերթին ընկալվում-ընդունվում են նրա կողմից:
Ի՞նչն է պատճառը, որ հանճարեղ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Սպենդիարյան, Արամ Խաչատրյան արարած մեր ազգը սկսել է հեռանալ իր ակունքներից և այսօր լսում-ընդունում է օտարներինը: Մի՞թե մեր կոմպոզիտորներն ու երգահանները չեն կարողանում ստեղծել ժամանակի շնչին ու ոգուն համահունչ նորօրյա հայկականը: Այս հարցադրումներով սկսեցինք մեր զրույցը Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի տնօրեն, երաժշտագետ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Իհարկե ստեղծում են,- ասաց մեր զրուցակիցը։- Հայկական երգարվեստի ասպարեզում այսօր կան տաղանդավոր արվեստագետներ, ովքեր արարում, ստեղծում են հրաշալի երգեր ու մեղեդիներ. դրանցից շատերը կարելի է նույնիսկ փայլուն համարել: Այդ գործերը, սակայն, համաժողովրդական ընդգրկում և տարածում չեն գտնում` լսարան չունենալու պատճառով: Ժողովրդի հիմնական մասը, որն այսօր հացի խնդրով է զբաղված, այդ երգերի պահանջը չի զգում, իսկ ուրախ, «մարմնական» երգեր սիրող «քեֆասեր» խավի համար միևնույն է. նա «հարբած» նավի ուղևորի նման նախընտրում է անգամ երաժշտական գործիքներից հնչող աղմուկը, ուր մնաց թե այդ «ստեղծագործությունները»:
-Ինչպե՞ս եք գնահատում երաժշտական տարբեր ժանրերի խառնուրդ պարունակող ստեղծագործությունները:
-Ասեմ, որ երաժշտական տարբեր ժանրերից խառնուրդ ստեղծելն անգիտության արգասիք է, երաժշտական աղանդ, «երաժշտական քաղցկեղ», չար և մութ ուժերի ազդեցություն, որը վնասում է մարդկային հոգին: Այդ «ստեղծագործողները» երկինք տանող հայ հոգևոր երաժշտության տարրերն անգամ երբեմն անթույլատրելիորեն խառնում են էստրադայինին` չգիտակցելով, որ ոտնահարում են աստվածային երևույթներն ու բյուրեղացված արժեքները: Ամենուրեք հնչող ռուսական, թուրքական, արաբական, նեգրական ոճ ու տնազներով լի խառնիճաղանջ այդ երգերը, որոնց «հեղինակները» հիմնականում պրոֆեսիոնալիզմից զուրկ «երգարտադրողներ» են, մինչև հասարակությանը մատուցելը մասնագիտական համապատասխան քննարկման չեն ներկայացնում, չեն խմբագրում այդ «ստեղծագործությունները» և ասպարեզ են դուրս բերում անմշակ, ինչպես կան: (Եթե հիշում եք, նախկինում մեր մշակութային ոլորտի բոլոր ստեղծագործությունները նախապես քննարկվում էին հատուկ այդ գործընթացն իրականացնող մասնագիտացված կառույցում, որից հետո միայն թույլատրվում էր դրանց մուտքը հասարակական լսարան):
-Երևույթը կանխելու ուղղությամբ ի՞նչ է արվում պետության կողմից:
-Պետությունը, իհարկե, ինչ-որ բան անում է, սակայն մշակութային այս «պատերազմում» առաջին հերթին պետք է տեղում լինեն և իրենց առաքելությունը կատարեն ոլորտի ղեկավարներն ու պրոֆեսիոնալները` կանխարգելելով, թույլ չտալով, որ ամեն մի անհեթեթ մեղեդի կամ երգ դուրս գան ասպարեզ: Մինչդեռ այդ պրոֆեսիոնալներից շատերը միևնույն մրցանակով պարգևատրում են և՛ տաղանդավորներին, և՛ միջակություններին` դրանով իսկ արժեզրկելով իրենց իսկ շնորհը:
-Ձեր կարծիքով՝ ո՞րն է հայեցի երգը օտարամոլությունից փրկելու ուղին:
-Այդ ուղին առաջին հերթին պետք է սկսել մանկապարտեզից, դպրոցից, ինչպես նաև երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող այլ հաստատություններից: Նշված կրթօջախներում, որտեղ անգնահատելի է մանկավարժ-ուսուցիչների անձնական օրինակը, մատաղ սերնդին պետք է ունկնդրել տալ, կողմնորոշել, ոգեշնչել, դաստիարակել ու խանդավառել ինչպես հին արժեքներով, այնպես էլ հայկական անմահ մեղեդիներով:
Արտերկրում այսօր օպերաների գլխավոր փորձերի կամ առաջնախաղերի ժամանակ անվճար հիմունքներով ներկա են լինում նաև դպրոցահասակ` 6-13 տարեկան երեխաներ: Այն երաժշտությունը պրոպագանդելուց, ապագա ունկնդիր պատրաստելուց բացի, նպատակաուղղված է նաև երեխայի լսողության զարգացմանն ու նրա երաժշտական ճաշակի ձևավորմանը:
Այսօր ազգային երգի պրոպագանդման պակաս կա, ինչը շատ վատ է: Ես դեմ չեմ, որ մեր երիտասարդները, «ռաբիսից» բացի, արտասահմանյան ժամանակակից երաժշտություն են լսում, սակայն վերջիններիս համար առաջնայինը պետք է լինի հայկական երաժշտությունը, հայ լեզվից բխող ազգային երգը: Այդ նպատակով, միջոցառումների, հանդեսների ժամանակ պետք է դադարեցնել անտեղի հնչող անճաշակ երաժշտությունը և հնչեցնել ազգային հիշարժան թեմա, մեղեդի ունեցող երաժշտություն: ՈՒսումնական հաստատություններում, հիմնարկներում անհրաժեշտ է ստեղծել երգչախմբեր` խմբովին երգելով հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր դասի երգեր, որպեսզի մատաղ սերունդը զգա հայ մշակույթի հմայքը, համը:
Հարկ է նաև, որ հանրապետությունում հիմնվի լեզվի տեսչության նման գործունեություն իրականացնող մի կազմակերպություն, որը, հսկելով ու կարգավորելով հայ երգի անմխիթար վիճակը, զուգահեռաբար կկանխարգելի նաև ազգային մշակույթի աղավաղման և ոչնչացման փորձերը: Այդ պրոֆեսիոնալ կառույցի ստեղծումը հնարավորություն կտա մաքուր ու անխաթար պահելու նաև մեր ազգային երաժշտության ակունքները, որը համարժեք է ինչպես մեր լեզվին, ինքնությանը, այնպես էլ ազգային արժեքներին ու ավանդույթներին:
-Ո՞ր դարաշրջանում են սկիզբ առել հայ երգարվեստի ակունքները:
-Ասեմ, որ հայ ժողովրդի երաժշտական մշակույթն այնքան հին է, որքան ինքը` հայ ժողովուրդը. այդ մասին են վկայում հայ գրիչներից մեզ հասած Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի և ալանների արքայադստեր՝ Սաթենիկի մասին հնագույն երգերի տեքստերից հատվածները: Հայկական ոսկեղենիկ երգերի և երաժշտական գործիքների մասին (փանդիռ, թմբուկ, սրինգ, քնար, շեփոր) բազմաթիվ հիշատակումներ կան նաև ոսկեդարի (410-490 թթ.) գրող-պատմիչ-մեկնիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի մատյաններում: Ասեմ, որ հայ արվեստի, հայկական երաժշտության որակային յուրահատկության նվաճումները հավաստող մյուս վկաները հայկական հին խազագրերն են (երաժշտագրերը կամ երաժշտանիշերը), որոնք ստեղծվել են մ. թ. 8-րդ դարում` նոտաներից դեռևս չորս դար առաջ: Լինելով մեսրոպյան տառերի պես եզակի և համակարգված, անվանումներով ու նշանակությամբ ինքնուրույն այդ երաժշտագրերը հաստատագրել են հայկական աշխարհիկ և հոգևոր բազմաթիվ մեղեդիներ: Այդ հինավուրց մեղեդիներից շատերն այսօր աշխարհի մեծ բեմերից հնչում, ընդունվում են որպես արվեստի հզորություն, շատերն էլ` որպես աղոթք ու փառաբանություն` ուղղված առ Աստված:
-Խնդրում եմ նշեք Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դերը հայկական մշակութային ավանդույթների շարունակման-պահպանման գործում: Ինչպիսի՞ բովանդակություն ունեն կառույցի ուսուցման հիմքում ներդրված այսօրվա երաժշտական ծրագրերը, ո՞ր ուղղությունն է դրանցում գերակշռողը:
-ՈՒսումնարանը մեծ և անգնահատելի ավանդ ունի ինչպես գեղարվեստական կրթության, այնպես էլ հազարամյակների պատմություն ունեցող հայ երաժշտական ավանդույթների պահպանման և ուսուցման գործում: Դժվար է գտնել Հայաստանում և աշխարհասփյուռ հայության մեջ քիչ թե շատ հայտնի երաժիշտ կամ համաշխարհային բեմերը նվաճած ժողովրդական արտիստ, ով Ռոմանոս Մելիքյանի անունը կրող ուսումնարանի շրջանավարտը չէ: (ՈՒսումնարանը, որը 1954-2015 թվականներին տվել է ավելի քան 10 հազար շրջանավարտ, 2017 թվականին նշելու է իր 95-ամյակը): Նրանց թվում են ճանաչված կոմպոզիտորներ Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Գ. Հախինյանը, Կ. Օրբելյանը, Գ. Արմենյանը, Տ. Մանսուրյանը, երաժիշտ-կատարողներ Լ. Զաքարյանը, Ա. Մանսուրյանը, Հ. Պապյանը, Ա. Մայիլյանը, Է. Թոփչյանը, Ա. Դավթյանը, Ս. Նավասարդյանը, Ջ. Գասպարյանը, Գ. Դաբաղյանը, Կ. Դուրգարյանը, ինչպես նաև միջազգային փառատոների և այլ մրցույթների բազմաթիվ դափնեկիրներ։
Ամենակարևորը, թերևս, այն է, որ Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանը շարունակում է մնալ տաղանդների դարբնոց, որտեղ դաշնամուրային, լարային, վոկալ, փողային, տեսական-կոմպոզիտորական, խմբավարական և ժողովրդական գործիքների բաժիններում, սիմֆոնիկ նվագախմբում, երգչախմբում, քանոնահարների և ժողովրդական գործիքների անսամբլներում, իրենց ավագ գործընկերների հովանավորությամբ, այսօր վարպետանում է երիտասարդ սերնդի ավելի քան 450 երաժիշտ: Հաղթահարելով հընթացս ծագած դժվարություններն ու հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում և մեծ բեմերում` կառույցի սաներն իրենց անզուգական կատարումներով շարունակում են բարձր պահել Հայաստանի պատիվը:
Մեր սաների այսօրվա ուսուցողական և համերգային ծրագրերում Բախից, Վագներից, Հայդնից, Մոցարտից, Չայկովսկուց բացի, ներառված են հայ մեծանուն կոմպոզիտորների, հայկական երգարվեստի անցած ուղու ամենահուզական ու ամենահանրահայտ ստեղծագործությունները: Դրանց թվում են ինչպես Կոմիտասի ժողովրդական երգերի մշակումները, այնպես էլ վերածննդի ժամանակաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված համերգին, որն անցկացվեց ուսումնարանի դահլիճում` ապրիլի 21-24-ին, նվագախմբերի 25 պատանի երաժիշտներ փայլուն, իրենց ավագ գործընկերներին գրեթե ոչնչով չզիջող վարպետությամբ, կատարեցին մեծն Խաչատրյանի «Սուսերով պարը», «Լեզգինկան»` «Գայանե» բալետից, Կոմիտասի «Կռունկ», «Գարուն ա» և բազմաթիվ այլ անմահ ստեղծագործություններ:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված համերգին ելույթ ունեցավ նաև ուսումնարանին կից դպրոցում սաներից ու մանկավարժներից ձևավորված երգչախումբը: Երգացանկում հիմնականում Կոմիտասի և հայկական հոգևոր դասի երգեր էին, որոնք հանդիսականներն ընդունեցին առանձին սիրով և ջերմությամբ:
Դրան հաջորդողը` մայիսի 13-20-ին (նույնպես ուսումնարանի դահլիճում)` Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված վոկալ և ժողնվագարանային բաժինների սաների ուժերով կազմակերպված էստրադային համերգն էր, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ-ի և արտերկրի այլ դեսպանատների աշխատակիցներ:
Վստաhորեն կարող եմ ասել, որ մեր սաների հնչեցրած բոլոր կատարումները, ասմունքային և երաժշտական, ներկա ժամանակաշրջանի սերնդի մտքում և գործում իշխող զգացմունքային թեմաներ էին, որոնց ներշնչած համընդհանուր ոգևորությունն ու միացյալ էներգիան ես տեսա երիտասարդ ունկնդիրների մաքուր ու շիտակ դեմքերին, հուզմունքից ճառագող հայացքների մեջ: Ինձ համար հաճելի էր զգալ ու մեկ անգամ ևս համոզվել, որ մեր հայրենիքի, մեր պետականության ամրապնդման ամենանվիրական գործում անհրաժեշտ և շատ կարևոր նշանակություն ունի մեր արժեհամակարգում բարձր գնահատական ունեցող երաժշտությանն ապավինելը:
Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ